ՄԻ ԽԱՌՆԷՔ ՄԵԶ ՁԵՐ...
Վահան Տէրեան
Որպէս լեռն է մեր պայծառ տեսել հազար ձիւն,
Այնպէս նոր չեն մեզ համար դաւ ու դառնութիւն:
Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տե´ս -
Անհետ կորել անցել է – չար մշուշի պէս:
Ասորիքն է եղել մեր թշնամին – ահա´
Դաշտ է տեղը եւ չկայ քար քարի վրայ:
Մի´ խառնէք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,
Մեր երկիրը աւերւած, բայց սուրբ է եւ հին:
Ամրակուռ է մեր հոգին – դարերի զաւակ՝
Շատ է տեսել մեր սիրտը աւեր ու կրակ:
Շատ է տեսել երկիրն իմ ցաւ ու արհաւիրք, -
Լաց է այնտեղ ամէն երգ եւ ողբ – ամեն գիրք:
Գերւած ենք մենք, – ո´չ ստրուկ – գերւած մի արծիւ,
Բարութեան դէմ վեհսիրտ միշտ, վատի դէմ ազնիւ:
Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խօսքը մեր կըմնայ յաւէտ:
Չի հասկանայ ձեր հոգին ե´ւ ծոյլ , ե´ւ օտար,
Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամէն քար:
Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արեւի պէս, երկիր իմ, կըվառւես վառման:
Որպէս փիւնիկ, կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկութեամբ ու փառքով վառ ու լուսաւոր:
Արիացիր սիրտ իմ, ե´լ հաւատով տոկուն,
Կանգնի´ր հպարտ, որպէս լոյս, լեռն է մեր կանգուն:
